Հե՞շտ է, արդյոք, հասկանալ, սերն իրակա ն է, թե ոչ: Չէ՞ որ երբեմն զգացմունքների այնպիսի հորձանուտում ես
հայտնվում, որ թվում է սիրուց գլուխդ կորցրել ես: Դա իսկապես սե՞ր է, թե՞ ուղղակի կարճատև հրապուրանք,
որն ինչ արագությամբ բռնկվել էր, նույն արագությամբ էլ մարում է: Իսկ ինչպե՞ս կարելի է իրական սերը տար-
բերակել անիրականից:
Անիրական սիրո 5 ախտանշանները
Ժամանակակից կյանքի թոհուբոհում, ուր թագավորում է անտարբերությունը, և մարդիկ տառապում են միայ-
նակությունից, շատ աղջիկներ միայն սերն են համարում այն պատյանը, որն իրենց կարող է պաշտպանել հա-
մատարած ու անտանելի դարձած խնդիրներից: Թվում է, եթե գտնես այդ միակ հարազատ, ջերմ ու մտերիմ
մարդուն, բոլոր դժվարությունները հօդս կցնդեն: Միայն թե գտնես և վերջ…
Ինչ-որ մեկի հետ միություն կազմելու այդ բուռն ցանկությունը քեզ դրդում է, որ առանց երկար-բարակ մտածելու
ընտրություն կատարես: Եվ շտապելուց այլևս մանրուքներին ուշադրություն չես դարձնում ու որոշում ես, որ քեզ
առաջին պատահածը հենց նա է, ում փնտրում էիր: Դա էլ բավական չէ, դեռ մի բան էլ քեզ համար սիրո գեղեցիկ
պատմություն ես հորինում գործի դնելով երևակայությունդ ու սպասումներդ: Իսկ գուցե այդ սիրո պատմությու-
նը հորինել ես, որ դրա հետևում թաքնվես, որպեսզի պաշտպանվես անիմաստ գոյատևման մասին տխուր մըտ-քերից:
Կինոնկարի և իրականության սահմանում
Մենք շատ ենք ցանկանում, որ մեր սերը նման լինի որևէ գեղեցիկ ֆիլմից վերցված սիրո պատմության: Եվ ըս-
կսում ենք հետևողականորեն ամեն ինչ իրագործել այնպես, ինչպես կարգն է` ընդունված ավանդույթներով ու
ծեսերով, ճշգրտորեն անում ենք այն ամենը, ինչ կաներ խենթ սիրահարը և ուրախանում, որ մեր կյանքում էլ
ամեն ինչ նույնքան գեղեցիկ է ստացվում, ինչպես կինոնկարում: Թվում է, թե առանց իրար ապրել չենք կարող,
իրար գրկած քայլում ենք փողոցով, մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը ստուգում նրա ժամացույցով և նրա
հետ դառնում մեկ ամբողջություն, որում մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող:

Այդ ժամանակ թվում է, թե առանց նրա ոչ կարող ես շնչել, ոչ ապրել: Ու մեկ էլ հանկարծ…Շատ անսպասելիորեն
այդ միասնությունն անհետ կորչում է այնպիսի հիմար ու դատարկ մանրուքների պատճառով,որոնց նախկինում
ուշադրություն չէինք դարձնում:Ինչ-որ մի բառ, շարժում,հայացք, պատահաբար թույլ տրված որևէ սխալ արարք
և… սիրո փայլփլուն կառքը վերածվում է հին ու ջարդոտված սայլակի, որը ճռճռում է հիասթափությունների, վի-
րավորանքների, մտքում պահած առարկությունների, չիրականացած սպասումների բեռան տակ…
Իսկ մեզ թվում էր, թե մեր սերն իսկակա՜ն էր, այնպիսին, ինչպիսին ֆիլմերում է լինում: Այդ որտեղ ենք սխալվել,
ինչու այդպես եղավ: Նախկին սիրահարներից ոչինչ չի մնում: Անհուն տխրություն ու հիասթափություն: Վիրա-
վորանքը հաղթահարելու համար նրանք սկսում են իրենց անհաջող ընտրության պատճառները փնտրել, իրար
պիտակներ կպցնել, ճակատագրից բողոքել ու ասել. «Ուղղակի բախտս չբերեց, այն մարդուն չհանդիպեցի, ում
պետք էր»: Այսինքն, ամեն ինչ շատ հեշտ է, ուղղակի պետք է «սխալն ուղղել», այդ մարդուն փոխարինել մեկ ու-
րիշով, և ամեն ինչ իր տեղը կընկնի. սե՜րն էլ կվերադառնա, լուսնկա գիշերներն էլ, երբ երկնքից աստղեր են
ընկնում, ու կրկին սիրո թրթիռներով լի մի նոր հեքիաթ կսկսվի:
«Սիրո» զոհերից յուրաքանչյուրը տենդագին սկսում է իր «ջղագրգիռ սիրո» համար նոր զոհ փնտրել: Եվ նրան-
ցից ոչ մեկի մտքով չի էլ անցնում, որ իրենց սերը հենց այդպես էլ կոչվում է, քանի որ իրականին նման է միայն
իր ցուցանակով, իսկ դա ընդամենը քողի դեր է կատարում: Այդ քողի տակ թաքնվածը մեկ այլ զգացմունք է,
հապճեպ բավարարման ձգտող մեկ ուրիշ այրող պահանջ: Դա ընդամենը սեփական հանգստության ու անվը-
տանգության համար վախն ու տագնապը հեռու վանելու պահանջն է, որը կարելի է բավարարել միայն այն ժա-
մանակ, երբ «իսկապես սիրված ես»:
Ու քանի որ հոգեբանորեն դժվար է պատկերացնել ու գործնականում հնարավոր չէ հավատալ, որ իսկական սի-
րո արժանանալու ընտրյալը ոչ թե մեկ ուրիշը, այլ հենց դու ես, ապա անընդհատ այդ սերն ապացուցող փաստեր
ես սկսում փնտրել: Քեզ դրա համար համոզիչ բառեր, տպավորիչ քայլեր, քո առջև խոնարհումներ են պետք:
Անիրական սիրո 5 ախտանշանները
Այդ ամենը դու ագահաբար որսում ու արձանագրում ես քո գիտակցության մեջ, որպեսզի կատարյալի հետ հա-
մեմատես: «Ջղագրգիռ սիրո» դեպքում անպայման լիակատար ու կատարյալ հաջողության երազանք ես ունե-
նում, որին սկզբունքորեն անհնար է հասնել: Ու քանի որ պատկերացրածիդ չես հասնում, թվում է, թե սերը ձա-
խողվում, երբեմն նույնիսկ ողբերգական է ավարտվում: Բայց պետք է հասկանաս, որ կյանքն անկանխատեսելի
է և շատ հեռու է կատարյալ լինելուց: Եթե կատարյալ հարաբերությունների մասին մեր երազանքները զուգըն-
կերոջ կողմից չեն իրագործվում, ով բնականաբար, չի կարող համապատասխանել մեր սպասումներին, ապա
վրա է հասնում այն պահը, երբ սպասելիքները պարտության են մատնվում, և սերը ողբերգական ավարտ է
ունենում: Հետո սկսվում է «կատարյալ զուգընկերոջ» որոնման մի նոր փուլ, քանի որ երջանկություն որոնողի
կարծիքով հենց զուգընկերոջ անհաջողությունն է իր դժբախտության պատճառը:
«Ջղագրգիռ» սիրո 5 հատկանիշները
Ինչպե՞ս կարելի է տարբերակել իրական սերն անիրականից
Անիրական սիրո առաջին դրսևորումը կատարյալ զուգընկերոջ որոնումն է, ում գտնելու դեպքում էլ, կեղծ սիրա-
հարի կարծիքով, ինքը երջանկության կհասնի: Հենց նրա հետ են կապվում բոլոր հույսերը, իսկ եթե ինչ-որ բան
այնպես չի ստացվում, հենց նրա գլխին են թափվում բոլոր մեղադրանքները: Անիրական սիրո երկրորդ նշանը
սեփական կյանքի համար և հարաբերությունների զարգացման մեջ պատասխանատվություն ստանձնելու ան-
կարողությունն է. «Իրար չհասկանալու հարցում նա է մեղավոր, անկողնում ամեն ինչ հարթ չէ հենց նրա մեղ-
քով, համատեղ կյանքը չի ստացվում նրա ծնողների պատճառով, ժամանակը ձանձրալի է անցնում, որովհետև
նա զվարճություններ չի սիրում, փողը չի բավականացնում, որովհետև նա է քիչ վաստակում, զգացմունքներն
աստիճանաբար բթանում են, որովհետև նրա կողմից նվերներ և ուշադրության նշաններ չկան»: Եվ այսպես
շարունակ: Չբավարարված սպասումների ցուցակն օրեցօր աճում է ու…
Երրորդ նշանը չափից ավելի պահանջկոտությունն է, սիրո չափի ու որակի մասին տեղի-անտեղի անդադար
հավաստիացումներ ստանալու սպասումը: Թվում է, թե սերն անընդհատ քիչ է և, պարզվում է, բոլորովին էլ
այնպիսին չէ, ինչպես գրքերում է լինում: Այստեղից էլ սկսվում են մշտական կշտամբանքները, ստուգումները, համեմատությունները, սիրո ամրության և հավատարմության փորձարկումները: Չորրորդ նշանը ցանկացած
խնդրի դեպքում չափից ավելի հիվանդագին արձագանքելն է: Եթե նա ձեզ քննադատում է, ուրեմն չի սիրում,
եթե համաձայն է ձեզ հետ, նշանակում է չի հարգում, չի զանգահարել, որովհետև արհամարհում է, եթե մոռացել
է շնորհավորել, ուրեմն ցանկանում է ձեզ վիրավորել, շնորհակալություն չի հայտնել, քանի որ ձեզ չի գնահա-
տում: Եվ այսպես կարելի է անվերջ շարունակել: Ջղագրգիռ մարդիկ ամենաաննշան մանրուքներից կարող են
լուրջ եզրահանգումներ անել: Նրանց հնարավոր չէ համոզել: Նրանք նույնիսկ պատահմամբ ասված բառից ու
թռուցիկ հայացքից կարող են իրենց տառապյալի, մերժվածի դերում դնել և սիրո համար մահվան դատավճիռ
կայացնել:
Անիրական սիրո հինգերորդ նշանը անցյալից կառչելն ու ապագայի համար անհանգստանալն է: Անիրական
սիրով տառապող մարդիկ չեն կարողանում ապրել ներկայով և ուրախանալ այն ամեն լավով, ինչը գոյություն
ունի: Նրանք հակված են եղածի կամ դեռ չեղածի համար անհանգստանալ: Նրանց դուր է գալիս հին վիրավո-
րանքները, սխալները և վեճերը պահել իրենց հիշողության մեծ սնդուկում, որպեսզի մի գեղեցիկ օր ներկայաց-
նեն որպես բաժանության գլխավոր փաստարկ: Իրենց «մեծ» սիրո նոր զոհի որոնումներին անցնելուց առաջ
նրանք չեն մոռանում ոչինչ չկասկածող «սիրելիի» գլխին աղբի մի ամբողջ ցիստեռն թափել:
Ինչպե՞ս կարելի է խուսափել կրկին անիրական սիրո ցանցն ընկնելուց
Այնուամենայնիվ սկական սեր փնտրողը եսասեր չէ: Համենայն դեպս, նա իր մասին այդպես չի մտածում, որով-
հետև հոգու խորքում նրա մտադրությունները բարի են, նա ըմբռնողություն, աջակցություն է փնտրում շրջա-
ապատի մարդկանց կողմից: Նրա մտադրությունները մարդասիրական և բարի են: Սակայն նրա խանդոտ,
հիվանդագին զգացմունքայնությունը և չափից ավելի պահանջկոտությունը փչացնում են իրական զգացմունք-
ները փոխհարաբերությունները վերածելով սիրո ապացույցների համար սարքված հիստերիայի: Եվ ապացույց-
ների մրցավազքում պարզվում է, որ արդեն ապացուցելու ոչինչ էլ չի մնացել:
Եթե կարողանաք ձեր հպարտությունից մի փոքր վեր կանգնել և ավելի օբյեկտիվորեն նայել իրավիճակին, ապա
կտեսնեք, որ ձեր վարքագծում թաքնված կատաղություն, չարություն և նախանձ կա: Իսկ այդ ամենն իսկական
սիրո հետ ոչ մի կերպ չեն համատեղվում: Իհարկե, կարելի է մարդուն շատ սիրել, բայց նաև երբեմն զայրանալ
նրա վրա, ինչ-որ հարցում նրան մերժել կամ մենակ մնալու ցանկություն ունենալ: Սակայն զայրանալը և երբեմն
մենակ մնալու ցանկությունն այլ բան է, իսկ անիրական սիրով հիվանդ մարդու պահվածքը` բոլորովին այլ բան:
Նա անընդհատ մյուսներին հակառակվում է, գտնում, որ երրորդ անձի նկատմամբ ցանկացած հետաքրքրութ-
յուն նշանակում է, որ ինքն անտեսված է:
Երբ սիրած մարդու ցանկացած պահանջ ընկալվում է որպես դավաճանություն, իսկ ցանկացած քննադատութ-
յուն` որպես նվաստացում, այդ սերն իրականում շատ հեռու է սեր կոչվելուց: Մեր կյանքը հեռու է իդեալական
լինելուց, բայց միևնույն ժամանակ կատարյալ է իր ոչ իդեալականությամբ: Որովհետև մեզ ամեն օր կյանքն
ամենատարբեր երանգների ու տպավորությունների մի փունջ է նվիրում: Սերն էլ այդ գունախաղի ամենամեծ
պարգևն է: Եվ եթե մեզ բախտ է վիճակվում այստեղ և այժմ ստանալ այդ ընծան, պետք է այն ընդունել իր
խորհրդավոր անկանխատեսելիությամբ և, անտեղի կասկածների փոխարեն, շնորհակալ լինել ճակատագրին:
