Վահանաձև գեղձի տեսակները և հիմնական ախտանշանները

Վահանաձև գեղձը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որը ներզատիչ համակարգի մասն է կազմում և պատասխանատու է հորմոնների արտադրության համար: Այս հորմոնները մասնակցում են կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ գործընթացներին, ուստի զարմանալի չէ, որ վահանագեղձի աշխատանքի ցանկացած խանգարում խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա:

Վահանաձև գեղձի ամենավտանգավոր հիվանդությունը քաղցկեղն է՝ չարորակ նորագոյացությունը, որը զարգանում է օրգանի ֆոլիկուլյար բջիջներից կամ C- բջիջներից: Կախված հիստոպաթոլոգիկ կառուցվածքից՝ տարբերվում է վահանագեղձի քաղցկեղի մի քանի տեսակ, որոնք են վահանագեղձի պապիլյար (պտկիկային) քաղցկեղը, ֆոլիկուլյար քաղցկեղը, մեդուլյար քաղցկեղը կամ անապլաստիկ քաղցկեղը:

Սա այն հիվանդություններից է, որի բուժման արդյունավետությունը կախված է դրա վաղ ախտորոշումից, սակայն խնդիրն այն է, որ հաճախ այն զարգանում է առանց որևէ ախտանշանի, ուստի հազվադեպ է հայտնաբերվում զարգացման վաղ փուլերում: Այնուամենայնիվ կան որոշակի ախտանշաններ, որոնք կարող են հուշել այս հիվանդության առկայության մասին՝ օգնելով ժամանակին այն հայտնաբերել և անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Առաջին հերթին վահանագեղձի քաղցկեղի մասին կարող է վկայել դժվարացած շնչառությունը:

Սա պայմանավորված է լինում աստիճանաբար մեծացող ուռուցքով, որն սկսում է տարածվել նաև շնչառական ուղիների հատվածում: Բացի այդ, հիվանդության ախտանշանների շարքին է դասվում ձայնի խռպոտությունը, որը մարդիկ հաճախ են անտեսում կամ վերագրում են այլ խնդիրներին: Վահանաձև գեղձի քաղցկեղը կարող է դրսևորվել նաև մշտական հազով, որը շատ դեպքերում մարդիկ վերագրում են հասարակ մրսածությանը:

Սա է պատճառը, որ անգամ նման ակնհայտ ախտանշանի դեպքում շատերը չեն շտապում բուժզննում անցնել՝ փորձելով ինքնուրույն ազատվել խնդրից: Այս հիվանդության մասին հուշող, սակայն հաճախ անուշադրության մատնվող մյուս ախտանշանը քաշի կորուստն է առանց որևէ պատճառի, ինչը պայմանավորված է նրանով, որ վահանագեղձը ներզատիչ համակարգի մասն է կազմում և ակտիվ մասնակցություն է ունենում նյութափոխանակության գործընթացին:

Առհասարակ, քաշի անբացատրելի նվազումը համարվում է քաղցկեղի գրեթե բոլոր տեսակների մասին հուշող ախտանշաններից մեկը, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Հարկ է նշել, որ այս հիվանդության դեպքում մասնագետները դժվարանում են հստակ կանխատեսում անել, քանի որ բուժման արդյունավետությունը կախված է տարբեր գործոններից:

Այս դեպքում շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն ախտորոշման փուլը, այլև ուռուցքի տեսակը, դրա տեղակայման հատվածը, ինչպես նաև զարգացման ու աճի արագությունը: Սա է պատճառը, որ հարկավոր է շատ զգոն լինել և առաջին իսկ կասկածի դեպքում բուժզննում անցնել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика