Կնոջ կյանքում կարիերան և ընտանիքը

Հնուց եկող կարծրատիպը կնոջ դերի մասին մինչև այսօր էլ մնում է մեր ենթագիտակցության մեջ: Անկասկած, իր բնությամբ կինը նախևառաջ մայր է, օջախի պահապան: Տղամարդիկ հայթայթողներ են ու զինվորներ: Կնոջ գործառույթն է` կայունացնել, պահել-պահպանել եղածն, ինչպես կա: Տղամարդկային ներուժն ուղղված է դեպի փոփոխություններն ու հեղաշրջումը: Բնության հետ դժվար է վիճել:

Իսկապես, նշանավոր գիտական հայտնագործությունները, արվեստի գլուխգործոցները ստեղծել են տղամարդիկ: Երկրի ամենահարուստ բնակիչները կրկին տղամարդիկ են… Այնուամենայնիվ, այսօր կանայք հակադրվում են բնությանը և կոտրում կարծրատիպերը: Նրանք ավելի հաճախ են հրաժարվում միայն տանը նստելուց ու երեխաներ մեծացնելուց, չեն բավարարվում ընդամենը տղամարդուն ուղղորդող «պարանոցի» դերով, այլև ցանկանում են ստանձնել «գլուխ» լինելու պատասխանատվությունը:

Կնոջ բնությունը

Ժողովրդական իմաստությունը կնոջ բնության մասին ասում է` «Աստված չստեղծեց կնոջը տղամարդու ոտքից, որպեսզի դրանով նվաստացրած չլինի: Չստեղծեց գլխից, որպեսզի նա չգերազանցի տղամարդուն: Արարիչը կնոջը ստեղծեց կողոսկրից, (որը սերտ միացած է մյուս կողոսրկրին) որպեսզի նա հավասարության մեջ գտնվի տղամարդու հետ»:

Բացի այդ, կողոսկրը գտնվում է ձեռքի տակ: Դրանով Տերը հուշեց, որ տղամարդը պետք է պաշտպանի ու փայփայի կնոջը: Եվ վերջապես, այն գտնվում է սրտի շրջանում, իսկ դա վկայում է այն, որ կինը պետք է սիրված լինի տղամարդու կողմից»:

Անխոս, ժողովրդական իմաստությունը գեղեցիկ է բովանդակությամբ: Բայց արդյոք միշտ է այն համապատասխանում իրականությանը… Ցավոք, ոչ: Եվ դրա պատճառները բազմաթիվ են:

Ինչու՞ են կանայք ստանձնում հայթայթողի դերը

Նախ` ոչ բոլոր կանայք են ցանկանում կին մնալ, ուստի փորձում են իրենց տղամարդու դերում: Նրանք կան բոլոր ոլորտներում` բիզնեսում, գիտության մեջ, քաղաքականության մեջ, ղեկին… Լավագույն դեպքում դրա պատճառն այն է, որ որոշակի ներքին պոտենցիալ առաջ է մղվում և պահանջում իրացում: Կինը մտածում է, որ ինքն էլ արժանի է դառնալու անհատականություն, օգտակար լինել ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ, ապրել իր հետաքրքրությունների և հայացքների համաձայն:

Բայց, ինչպես ասում են, մի գդալ աղը կաթսայում կարող է քիչ լինել, իսկ ափսեի մեջ շատ է: Ուստի պետք է առաջնորդվել «ոսկեմիջինի» օրենքով: Առաջին հերթին կինը պետք է մտածի ընտանիքի, ապա` կարիերայի ու անձնական աճի մասին:

Կնոջ «առնականացման» մյուս պատճառը հաճախ կողակցի բացակայությունն է կամ էլ կողքին գտնվող այնպիսի տղամարդը, ում «անունը կա, ամանում չկա»: Տրամաբանական է, որ երբ կողակիցը չի իրականացնում պաշտպանի, հայթայթողի գործառույթները, կինն ինքն է ստանձնում այդ պարտականությունները, քանի որ ստիպված է դա անել: Ինչ է տեղի ունենում այս դեպքում: Կինն աշխատում է, որպեսզի կերակրի ընտանիքը, բավարար ժամանակ չի տրամադրում երեխաներին, հոգնում է: Եվ գլխավորը` նման իրականությունն իր սրտով չէ, այլ պարտադրված է իրեն: Դժվար թե նա երազում էր այս մասին: Արդյունքում կինը դադարում է ապրել իր ընտանիքով, անձնական կյանքով. նա տարված է աշխատանքով, կարիերայով: Բոլորին ասում է, որ ժամանակը չի հերիքում, շնչելու ժամանակ չկա, ժամանակ չկա «կին լինելու» համար:

Իսկ երբ տուն է վերադառնում, հանում է բիզնես-լեդիի դիմակն ու ցածր լալիս: Այո, նա ունի սիրո, հոգածության, աջակցության կարիք, բայց այդ ամենին պարզապես էլ չի հավատում:

Ընտանիք, թե կարիերա. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Կանայք, ինչպես տղամարդիկ, տարբեր են: Ոմանք երազում են հաջող ամուսնանալ, երեխաներ ունենալ և երջանիկ են զգում մոր, քնքուշ կնոջ ու օջախի պահապանի դերում: Մյուսներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց աշխատանքի, առաջընթացի կարիերայում, առանց հասարակական գործունեության… Բայց և առաջինները, և երկրորդներն ունեն իրավունք` լինելու երջանիկ:

Կարիերան և ընտանիքը կնոջ կյանքում

Կանանց խորհուրդ է տրվում բացարձակ անկեղծ պատասխանել մի շատ կարևոր հարցի` «Դուք ձեզ երջանիկ զգու՞մ եք»: Եթե պատասխանը դրական է, ուրեմն` ձեր կատարած ընտրությունը ճիշտ է` լինի ընտանիք, թե կարիերա: Իսկ միգուցե կարողանում եք հաջող համատեղել և այն, և այն` հաճույք ստանալով կյանքի հագեցած ու ակտիվ ռիթմից:

Սխալ ընտրության հետևանքները

Եթե կարիերան կարևորագույն տեղ է գրավում ձեր կյանքում, ամենայն հավանականությամբ դուք բազմաթիվ ընտանեկան խնդիրների կբախվեք: Ի հայտ է գալիս փոխըմբռնման բացակայություն ամուսնու, երեխաների կողմից, մեղադրանքներ, կոնֆլիկտներ… Իսկ երբ գիտակցեք ձեր թերացումը, դժվար կլինի ուղղել սխալների արդեն ամբողջ շարքը, որոնց սերմը հենց դուք եք դրել:

Եթե «տանե կին» եք, կրկին պետք է խորը մտածեք: Տղամարդկանց հետաքրքրում են կանայք, ովքեր զբաղվում են էլի ինչ-որ բանով` բացի տունն ու երեխաները: Ձեզ համար ինչ-որ հոբբի, զբաղմունք գտեք: Չէ որ ոչ այդքան բարդ, հոգեհարազատ աշխատանքը կարելի է համատեղել կնոջ պարտականությունների հետ: Ձեզ, անշուշտ, հաճելի կլինի ամուսնուն ու երեխաներին պատմել ձեր դրական արդյունքների և ձեռքբերումների մասին:

Շատ ավելի բարդ վիճակ է բաժին ընկնում այն կանանց, ովքեր երջանիկ կլինեին` նստելով տանն ու երեխաներով զբաղվելով, բայց ամուսինն իրեն չի արդարացնում: Եվ նրանք ստիպված են և աշխատել ընտանիքի ապրուստը հայթայթելու համար, և հասցնել տան գործերը: Իսկ դա, իհարկե, շատ դժվար է:

Ամենակարևորը ինքդ քեզնից «գլուխ հանելն է», հասկանալը` որն է ձեզ համար ավելի կարևոր` կարիերան, թե ընտանիքը: Հենց դա անելու համար առաջարկում ենք անցնել այս թեսթը, որն այդպես էլ կոչվում է`

ԹԵՍՏ.

Ի՞նչն է ձեզ համար ավելի կարևոր. ընտանիքը, թե կարերան

1. Ո՞վ է տնօրինում ընտանեկան բյուջեն.

ա/ Իհարկե, ամուսինս:

բ/ Բոլոր ֆինանսական հարցերը լուծում եմ հիմնականում ես:

գ/ Ես և ամուսինս միասին:

2. Հաճա՞խ եք տանը կերակուր պատրաստում.

ա/ Այո, ես շատ եմ սիրում խոհանոցը և աշխատում եմ միշտ նոր բաղադրատոմսեր գտնել:

բ/ Ոչ, ժամանակս դրա համար չի հերիքում:

գ/ Ոչ հաճախ, բայց պատրաստում եմ:

3. Ինչի՞ հետ է կապված «հաջողակ լինել» հասկացությունը ըստ ձեզ.

ա/ Տան, ընտանիքի, երեխաների հետ:

բ/ Կարիերայի և նյութական ապահովության հետ:

գ/ Աշխատավայրի և տան գործերը համատեղելու հետ:

4. Երեխայի հետ միասին զբաղվու՞մ եք տնային առաջադրանքով.

ա/ Մենք միշտ միասին ենք պարապում, ես ամեն ինչ մանրակրկիտ ստուգում եմ:

բ/ Հազվադեպ, անում եմ դա, որպեսզի տեղյակ լինեմ նրա առաջադիմությունից դպրոցում:

գ/ Փորձում եմ վերահսկել նրա ուսման գործընթաց:

5. Հաճա՞խ եք ժամանակ անցկացնում ամուսնու հետ.

ա/ Երբ նա ազատ է լինում, միշտ:

բ/ Ըստ հնարավորության. կախված է աշխատանքային գրաֆիկից:

գ/ Այո, մենք աշխատում ենք հաճախ լինել միասին:

6. Դուք կատարու՞մ եք ձեր տնային պարտականությունները.

ա/ Այո, ես հենց դրանով էլ զբաղվում եմ:

բ/ Հազվադեպ, հիմնականում դա անում է տնային աշխատողը (դուստրս):

գ/ Մենք ամուսնուս հետ կիսել ենք այդ գործերն իրար մեջ:

7. Սիրում եք հեռուստատեսային սերիալներ.

ա/ Այո’, փորձում եմ իմ սիրած սերիալների ոչ մի մաս բաց չթողնել:

բ/ Բոլոր այդ սերիալներն ինձ համար չեն:

գ/ Մեկ-մեկ նայում եմ, եթե ինձ հետաքրքրում է:

8. Կարո՞ղ էիք միայնակ (առանց ամուսնու) դաստիարակել երեխային.

ա/ Ինձ համար շատ ծանր կլիներ:

բ/ Կարծում եմ, որ գլուխ կհանեի:

գ/ Բարեկամներիս ու ընկերներիս օգնությամբ:

9. Ինչի՞ մասին եք հիմնականում պատմում ընկերուհիներին սուրճի սեղանի շուրջ.

ա/ Ընտանիքիս, տան կահավորման, նոր իրերի, նոր բաղադրատոմսերի մասին:

բ/ Աշխատանքիս, գործընկերների հետ խնդիրների, իմ ձեռքբերումների մասին:

գ/ Ընտանիքիս, հոբբիիս, ընդհանուր առմամբ կյանքի մասին:

10. Հաճա՞խ եք տատիկին, դայակին խնդրում նստել երեխայի հետ.

ա/ Ըստ էության` ոչ: Ես միշտ երեխայի հետ եմ:

բ/ Գրեթե միշտ, ես այլ ելք չունեմ:

գ/ Ոչ հաճախ, բայց լինում է:

11. Դուք բավարար ժամանակ տրամադրու՞մ եք քնին.

ա/ Փորձում եմ լիարժեք քնել:

բ/ Անհրաժեշտությունից ելնելով` քնում եմ գոնե 4-5 ժամ:

գ/ Ինձ համար միշտ ժամանակ կա հանգստի համար:

12. Ինչպե՞ս եք վերաբերվում կանացի և տղամարդկային պարտականությունների մասին կարծրատիպերին.

ա/ Դա հարմար տարանջատում է:

բ/ Ամեն ընտանիք ինքն է որոշում դրվածքը:

գ/ Կախված է զբաղվածության աստիճանից, իրավիճակից:

13. Պատրա՞ստ եք ընկերոջ, ծանոթի «ոտքի տակը փորել” հանուն կարիերային.

ա/ Աշխատանքն ընդամենը եկամտի աղբյուր է:

բ/ Պատրաստ եմ պայքարել պաշտոնի, առաջընթացի համար, բայց ոչ ընկերության գնով:

գ/ Կախված է իրավիճակից:

14. Ի՞նչ նպատակով եք հիմնականում օգտագործում ինտերնետը.

ա/ Ժամանցի և ինքնակրթության համար:

բ/ Որպես աշխատանքային «գործիքներից» մեկը:

գ/ Շատ տարբեր. այսօր այն մեր կյանքի անբաժանելի մասն է:

15. Ինչպե՞ս եք վերաբերվում գերադաս աշխատողի` ձեզ արված դիտողություններին.

ա/ Ես չեմ աշխատում:

բ/ Բացասաբարաբար, բայց զուսպ:

գ/ Նորմալ, եթե դրանք արդարացի են:

16. Կհամաձայնեի՞ք երկարատև գործուղման, եթե արդյունքում պաշտոնի բարձրացում պետք է լիներ.

ա/ Ոչ, ես ոչ մի պարագայում երկարատև չէի հեռանա ընտանիքից:

բ/ Այո, առանց որևէ կասկածի:

գ/ Միգուցե, բայց անպայման ընտանիքիս հետ խորհրդակցելով:

ԹԵՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Եթե ձեր պատասխանների մեջ գերակշռողը «ա» տարբերակն է, ապա, անկասկած, ձեզ համար գլխավորն ընտանիքն է: Եթե անգամ հետաքրքրում է կարիերան` որպես այդպիսին, ապա խոսքն ամուսնու աշխատանքի մասին է: Ամեն ինչ նորմալ է. դուք լավ կին եք, մայր ու տնտեսուհի: Բայց արժի, որ ավելի շատ ժամանակ տրամադրեք հենց ձեզ, գտնեք հետաքրքիր զբաղմունք: Սխալ է ապրել միայն երեխաների և ամուսնու կյանքով: Մարդու համար անհրաժեշտ է անընդհատ աճելն ու զարգանալը:

Մտածե’ք, միգուցե վաղուց պետք էր ձեռքի հետ մի աշխատանքով զբաղվել, կամ էլ խորանալ ստեղծագործական ոլորտում: Բայց սխալ կլինի կտրուկ փոխել ձեզ համար սովորական դարձած առօրյան:

Եթե ձեր պատասխաններում գերակշռում է «բ» տարբերակը, վստահաբար, ձեզ համար առաջնայինը կարիերան է: Հնարավոր է` դուք ապրում եք աշխատանքով, որովհետև դրանից հաճույք եք ստանում: Բայց մի մոռացեք ընտանիքի մասին, դա լիակատար երջանկություն է: Ձգտեք ճիշտ բաշխել ձեր ժամանակը: Անհնար է աշխատել բոլոր փողերը, բայց` շատ հեշտ ներվային տագնապ ստանալը մշտական անքնության ու աշխատանքային սթրեսի արդյունքում: Էլ չենք խոսում այն մասին, որ կդադարեք լեզու գտնել ձեզ հարազատ մարդկանց հետ:

Հնարավոր է` դուք աշխատանքային բարձունքների եք ձգտում, քանի որ ստիպված եք և իրավունք չունեք հիշել «հոգնել» բառը: Այդ դեպքում վերանայեք ձեր կենսական նպատակները: Չէ որ կարևոր է երջանիկ կին լինելը: Հավատացեք կանացի երջանկությանը, ամեն ինչ դեռ հնարավոր է փոխել: Շատ հնարավոր է, որ ձեր կյանքում հայտնվի մի արժանի տղամարդ, ով թույլ չի տա ձեզ «լծկան եզի» պես առավոտից երեկո աշխատել:

Եթե ձեր պատասխանների մեծ մասը համընկել է «գ» տարբերակին, շնորհավորում ենք: Դուք փորձում եք պահպանել «ոսկեմիջինը»: Կարիերան երբեք ընտանիքից ավելի կարևոր չի լինի ձեզ համար, բայց աշխատանքի մեջ էլ դուք բավականաչափ հաջողակ եք: Դուք, իհարկե, աննախադեպ հայտնագործություններ չեք անի, միլիոններ չեք աշխատի, բայց կպահպանեք ընտանիքի բարեկեցությունը, ձեր նյարդերն ու անհատականությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика