Երբ երեխան դժվար է քնում
Հաճախ ծնողների համար երեխայի քնելու ժամը օրվա ամենադժվարին պահն է, և դա ունի իր պատճառները: Նախադպրոցական տարիքի երեխաներից շատերը դիմադրում են քնելուն, քանի դեռ չափազանց հոգնած չեն, հատկապես, եթե ունեն իրենցից ավելի մեծ քույր կամ եղբայր, որն ավելի ուշ է քնում: Փոքրիկն իրեն կարող է լքված կամ ինչ—որ բանից զրկված զգալ, եթե ընտանիքի մյուս անդամներն իր քնելուց հետո արթուն են մնում: Նման ապրումները հասկանալի են, և երեխայի քնելու ժամին փոքր—ինչ ազատորեն վերաբերվելը նրան չի վնասի:Նախ մի քանի կարևոր սկզբունք երեխայի քնի վերաբերյալ։Նախադպրոցական տարիքի երեխան օրական 10-12 ժամ քնելու կարիք ունի:Երեխան պետք է սովորի ինքնուրույն քնել:
Պետք չէ նրան քնելուց առաջ ներգրավել երկարատև կամ աղմկալի խաղերում:Որքան ավելի հանդարտ և հանգստացնող է քնելուն նախորդող իրադրությունը, այնքան ավելի հեշտությամբ կքնի երեխան:
Հիշեք, նախադպրոցական տարիքի երեխան օրական 10-12 ժամ քնի կարիք ունի։ Երեխայի քնելու պատրաս-տելու ամենահարմար ձևը նրա համար ինչ—որ բան կարդալն է: Երբ պատմվածքն ավարտվում է, ծնողը պետք է երեխային «բարի գիշեր» մաղթի և թույլ տա նրան ինքնուրույն քնել։
Փոքրիկների մեծամասնությունը ամբողջ գիշեր քնում է, բայց գիշերվա ընթացքում կարող է մի քանի անգամ արթնանալ և զննել շրջապատը, հետո նորից քնել: Որոշ ծնողներ նման վարքագիծն ընկալում են որպես լուրջ խնդիր, բայց դա հաճախ հանդիպող երևույթ և իրականում չի վտանգում մանկան առողջությունը:
Քնի ֆիզիոլոգիայի մասին որոշ տեղեկություններ կարող են օգնել ծնողին կանխելու դրա հետ կապված դժվա-րությունները և ճիշտ արձագանքել այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են գիշերն արթնանալը, քնելուն դիմադրելը, գիշերային վախը և գիշերային մղձավանջները:

Քանի՞ ժամ պետք է քնի ձեր երեխան
Նորածինները օրվա ընթացքում քնում են մոտավորապես 16-17 ժամ, 6 ամսական երեխաները՝ 14,5 ժամ, 1 տարեկանները՝ 13,5 ժամ:Գիշերային քունը հաստատուն է դառնում մոտավորապես 4 ամսական հասակում և տևում է 6-8 ժամ: Աստիճանաբար երկարելով՝ 6 ամսական հասակում այն դառնում է 10-12 ժամ:4-8 ամսական երեխաները սովորաբար ցերեկվա ընթացքում քնում են 2-3 անգամ, 9-12 ամսականները՝ 1-2 անգամ, 1-2,5 տարեկանները՝ 1: Ցերեկային քնի տևողությունը կարող է տատանվել 1-4 ժամվա սահմաններում: 2,5 տարե-կանից մեծ երեխաների մեծամասնությունը ցերեկը չի քնում, իսկ գիշերային քունն այդ տարիքում տևում է 10-15 ժամ: 4 տարեկանից մեծ երեխաները շատ հազվադեպ են ցերեկը քնում, նրանց գիշերային քունը կազմում է 9-13 ժամ:
Մինչև մեկ տարեկան հասակը երեխաների 84%-ը գիշերվա ընթացքում առնվազն մեկ անգամ արթնանում է: Նրանցից շատերը առանց ծնողների միջամտության նորից քուն են մտնում: Մյուսները քնելու համար ծնողների օգնության կարիքն ունեն և կոչվում են «գիշերն արթնացողներ»:
