Համակարգչային տեխնիկայից օգտվելիս պետք է հիշել չափի և անվտանգության կանոնների մասին: Խորհուրդ է տրվում համակարգիչը տեղադրել սենյակի հյուսիսային հատվածում: Արևի ուղիղ ճառագայթները ոչ մի դեպքում չպետք է ընկնեն էկրանի վրա: Համակարգչի էկրանն ու ստեղնաշարը սեղանին պետք է ուղիղ դրված լինեն, ոչ թե շեղ:
Էկրանի կենտրոնը պետք է գտնվի աչքերի մակարդակի վրա կամ մի փոքր ցած, որպեսզի երեխան կարողանա հարմար նստել` առանց վիզն ու ողնաշարը ծռմռելու:

Էկրանն աչքերից պետք է հեռու լինի նվազագույնը 50-60 սմ-ով: Համակարգչի վրա աշխատելու ժամանակ լույսը չպետք է շատ պայծառ լինի. լուսավորվածությունն առավելագույնս պետք է մոտեցնել համակարգչի էկրանի լույսին: Նստել պետք է այնպես, որ ազդրերն ուղիղ անկյուն կազմեն իրանի հետ, իսկ ծնկները` ազդրերի:
Յուրաքանչյուր 20 – 25 րոպեն մեկ անհրաժեշտ է 3 – 4 րոպեանոց ընդմիջումներ անել` տեղից բարձրանալ, քայլել, գլուխը պտտել այս ու այն կողմ և այլն: Համակարգչի էկրանը, ստեղնաշարն ու մկնիկը պետք է միշտ կատարյալ մաքուր լինեն: Համակարգչի վրա աշխատելուց հետո անպայման անհրաժեշտ է ձեռքերը օճառով լվանալ:
