Անգույն հինային խառնեք մածուն՝ հետո օգտագործեք
Մազերի որակը բարելավելու եւ առաջացած խնդիրները կանխելու համար կան բազմաթիվ միջոցներ: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս գլուխը լվանալ թեթեւակի տաքացված գարեջրով, որը ամրացնում է մազերը եւ խթանում աճը:
Մազաթափության եւ թեփի դեմ հրաշալի տարբերակ է հետեւյալ միջոցը. գարեջրով կարող եք դանդաղ շփելով՝ մերսել գլխամաշկը, գլուխը փաթաթել սրբիչով եւ երկու ժամ անց լվանալ։ Կրկնել շաբաթը մեկ անգամ։
Գարեջուրը լավ է նաեւ քրտնարտադրությունը կարգավորելու համար, որի համար ընդամենը պետք է գարեջուրը ավելացնել տաք լոգանքին: Հաճախ կարելի է լսել, որ մազերը սանրելու համար լավ է օգտագործել փայտե սանր։ Կարելի է նաեւ պլաստմասսայից։ Մետաղներից պատրաստվածները խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ դրանք վնասում եւ էլեկտրականացնում են հատկապես բարակ մազերը։

Եթե դուք ունեք յուղոտ մազեր եւ ցանկանում եք այն ընդունի ցանկացած տեսք, ապա պետք է քամել կիտրոնի հյութը եւ քսել լվացված մազերին։ Հյութը արագ գոլորշիանում է եւ լավ է պահպանում ցանկացած սանրվածք։ Ի դեպ, կիտրոնը լավ է բաց գույնի մազեր ունեցողներին։ Կիտրոնաջրով ողողել մազերը (1 լիտր ջրին` 5 կիտրոնի հյութ)։ Թխահերները կարող են օգտագործել քացախ. մեկ ճաշի գդալ` մեկ լիտր ջրին:
Մասնագետները խորհուրդ են տալիս ամիսը մեկ անգամ մազարմատներին քսել գերչակի յուղ։ Այն մազերի որակը խիստ կլավացնի։ Եթե դուք ցանկանում եք ուժեղացնել որեւէ բուժամիջոցի ազդեցությունը ձեր մազերի վրա, ապա պետք է գլուխը տաք պահել, այսինքն` գլխին հագցնել մոմլաթե տոպրակ կամ գլխարկ դնել։ Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ տուղտի արմատաեփուկով գլուխը լվանալիս մազերը փափկում եւ աճում են, վերանում են գլխամաշկի քորը եւ թեփոտությունը։
Մազերը կամրանան, մազաթափությունը կդադարի, երբ մազարմատները մերսեք գայլուկի կոների եփուկով. մեկ բաժակ եռման ջրի մեջ լցրեք մեկ ճաշի գդալ, 30 րոպե եփեք, քամեք եւ սառեցրեք։ Մազարմատները ամրացնելու իրանական ժողովրդական միջոցը անգույն հինան է, որը պետք է խառնել մածնի հետ։ Պատրաստի խառնուրդը քսել մազերին եւ թողնել 30-40 րոպե։ Գործողությունը կարելի է կրկնել շաբաթական 1-2 անգամ։ Մազերը դառնում են ամուր եւ փայլուն։ Ի դեպ, հինան ավելի սնուցում եւ ամրացնում է մազերը, քան ներկում։
Մազերին փայլ հաղորդելու նպատակով հնդկուհիները մազերը չորացնում են կարմիր բնական մետաքսով: Նրանք նաեւ գլուխները լվանում են տաք, իսկ ցայում` սառը ջրով։ Այս գործողության բուժիչ իմաստը հասկանալի է. հակադիր ջերմությունների օգտագործումը ակտիվացնում է արյան շրջանառությունը, ուստի եւ մազերը ստանում են ուժեղացված սնուցում։
